Ռուսական БМП-3-ի մատակարարումներն Ադրբեջան հետաձգվում են՝ ֆինանսական խնդիրների պատճառով

14:20 • 12.09.16

Ադրբեջան ռուսական БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումները հետաձգվում են մինչև 2017 թվականի վերջ-2018 թվականի սկիզբ՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է «Тракторные заводы» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը:

 

«Պայմանագիրը գործում է, բայց ստիպված ենք փոքր-ինչ սպասել՝ կրկին ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով: Հուսով ենք, որ 2017 թվականի վերջին-2018 թվականի սկզբին մատակարարումները կավարտվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Անցած տարի կոնցեռնից հայտնել էին, որ Ադրբեջան БМП-3-ի մատակարարումները նախատեսվում է ավարտել 2016 թվականին:

 

Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են զենքի և տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումների մասին 2010 թվականին: «Рособоронэкспорт»-ում հայտնել են, որ պայմանագրերի փաթեթը նախատեսվում է իրականացնել 2017 թվականին: Փորձագետների գնահատմամբ՝ պայմանագրերի փաթեթի արժեքը կազմել է մինչև 1 միլիարդ դոլար: