Պետք է աշխատենք Սիրիայում անժամկետ հրադադարի ռեժիմ հաստատելու ուղղությամբ. Յըլդըրըմ

12:56 • 12.09.16

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ զրույցում Սիրիայում անժամկետ հրադադարի ռեժիմ սահմանելու կոչ է արել, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:



«Ահաբեկիչների դեմ պայքար ծավալող կողմերն՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ռուսաստանի, պետք է ավելի ակտիվ դեր տանեն այս հարցում: Այլևս պետք է աշխատել ոչ թե մեկշաբաթյա, այլ անժամկետ հրադադարի հասնելու համար, քանի որ այս անիմաստ պատերազմը 6 տարվա ընթացքում ոչ ոքի օգուտ չի բերել, բավական է», - ասել է Յըլդըրըմը: 



Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց նպատակն է, որ հրադադարը հաստատվի Քուրբան Բայրամի (մահմեդական աշխարհում նշվող զոհաբերության տոնը) ժամանակ:



«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները լավ բանի մասին չեն վկայում: Եթե մեզ տրված խոստումը պահվի, ապա 48 ժամ անց հրադադար կհաստատվի և կտևի մոտ մեկ շաբաթ: Այս պահին մեր զինվորերը շարունակում են ռազմական գործողությունները»,- ասել էր Էրդողանը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում, ինչից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն։