Samsung-ը Galaxy Note 7-ի գերտաքացման խնդիրը կլուծի ծրագրային ապահովման թարմացմամբ

22:55 • 13.09.16

Samsung Electronics ընկերությունը հայտարարել է ծրագրային ապահովման թարմացման մասին, որը հարավկորեական ընկերության հաճախորդներին թույլ կտա օգտագործել նորագույն Samsung Galaxy Note 7 հեռախոսները` չվախենալով սարքի գերտաքացումից: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Galaxy Note 7 մոդելը շուկայում հայտնվել է օգոստոսին, իսկ սեպտեմբերի 2-ին Samsung-ը դադարեցրել է դրա վաճառքը և 2.5 մլն սմարթֆոն է ետ կանչել` լիցքավորման ժամանակ մարտկոցների բռնկման պատճառով: Մարտկոցների հետ կապված անսարքություն ունեցող ընդամենը 35 սմարթֆոն է հայտնաբերվել:

Ծրագրային թարմացումը պետք է ապահովի այն գնորդների անվտանգությունը, ովքեր դեռ չեն վերադարձրել կամ չեն ցանկանում վերադարձնել իրենց գաջեթները: Թարմացումը թույլ կտա մարտկոցին լիցքավորվել միայն 60 տոկոսով` այդպիսով կանխելով գերտաքացման հավանականությունը:

 

 

Samsung-ը Galaxy Note 7-ի գերտաքացման խնդիրը կլուծի ծրագրային ապահովման թարմացմամբ