Իշխանությունը «ափդեյթ» է հայտարարել. Արմեն Ռուստամյան
Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է դիտարկել կատարվող բարեփոխումների շրջանակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ նորանշանակ վարչապետը գիտակցում է իրավիճակի լրջությունը:
- Կարեն Կարապետյանը նախագահի հրամանագրով նշանակվեց հանրապետության վարչապետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչն է փոխվելու:
- Թե՛ նախորդ վարչապետը, թե՛ հանրապետության նախագահը հստակ ասացին, որ այսօր անհրաժեշտություն է, հրամայական, որ մեր բարեփոխումների գործընթացին մեծ տեմպ հաղորդվի: Մենք ունենք հեռակա խնդիրներ` կապված խորհրդարանական նոր համակարգի անցման հետ: Այս առումով՝ նոր վարչապետը հայտարարություններ է արել, որ պետք է լինեն և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ծրագրեր, որոնք լիովին ցույց են տալիս, որ իրավիճակի ադեկվատ գնահատական կա, որ նա գիտակցում է լրջությունը ու մենք ողջունում ենք այս պատրաստակամությունը: Հույս ունենք, որ մարդիկ լավատեսական սպասումներ ևս կունենան, ու կփոխվի այս վատատեսական մթնոլորտը:
- Կարելի՞ է ասել, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններից առաջ իշխանությունը «ռեսթարթ»-ի գործընթաց է սկսել, նոր դեմքով է ուզում ներկայանալ համապետական ընտրություններին:
- Կարելի է այդպես էլ ասել: «Ռեսթարթ» կասեք, «ափդեյթ» կասեք, ինչպես կուզեք ասեք, բայց իրականում, այո, նոր շունչ հաղորդելու խնդիր կա:
- Ստացվում է, որ իշխանություններն արդեն գիտակցում էին, որ հանրության մեջ ընկալման խնդիրնե՞ր ունեն:
- Այնպես չէ, որ զրոյական բալանս կար, բայց դժգոհության աճը բավական բարձր էր, տեմպը դժգոհության մեծ էր, կուտակվում էր դժգոհությունը:
- Կհաջողվի՞ 25 տարվա չարածը 7 ամիսների ընթացքում անել:
- Կախարդական փայտիկներ չկան, ոչ ոք թող չակնկալի, որ մի քանի ամիսների ընթացքում հրաշքներ են լինելու: Հարցեր կան, դրանց համապատասխան լուծումներ են գտնվում:
- Ի՞նչ երաշխիքներ կան, որ լուծումները կգտնվեն:
- Երաշխիքը քայլերն են: Խոստումներով դա այլևս անհնար է:










