Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների իրականացման համար 9 միլիոն եվրո է անհրաժեշտ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

16:01 • 13.09.16

 

Գործող իշխանությունները զիջեցին ընդդիմության պահանջին՝ հրապարակելու ընտրություններին մասնակցած անձանց ընտրացուցակները, ինչն ավելի թափանցիկ կդարձնի ընտրական գործընթացը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ ընդդիմության ու իշխանության միջև կայացել է համաձայնություն այս հարցում, նախաստորագրվել է համաձայնության փաստաթուղթը:

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ու ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունը չեղարկվեց տեխնիկական պատճառների հետևանքով, ինչից հետո իրենք պահանջեցին համարժեք փոփոխություն:

«Մենք պահանջեցինք բացատրություններ, որոնք թեև տրվեցին, մենք ամբողջ պատասխանատվությունը դրեցինք իշխանությունների վրա և ասացինք, որ նման իրավիճակում լուծումը կարող է լինել ստորագրված ցուցակների հրապարակումը: 2003թ.-ից մեր ողջ հանրությունը, ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական հասարակությունը պահանջում են ստորագրված ցուցակների հրապարակում: Իշխանությունները կատաղի կերպով միշտ ընդդիմացել են հրապարակմանը, որովհետև կես միլիոնի ընտրակեղծիքները կապված էին հենց դրա հետ»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

Պատգամավորն ասաց, որ 9 միլիոն եվրոյին համարժեք գումար է անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար:

Իսկ փաստաթղթի ստորագրման համար, Լևոն Զուրաբյանի խոսքով, իրենք սպասում են քաղաքացիական հասարակության դրական արձագանքին:

Հարցին, թե ի՞նչ կատարվեց, որ իշխանությունները, որոնք մշտապես դեմ էին ընտրացուցակների հրապարակմանը, հանկարծ համաձայնեցին դրան, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա իրենց պայքարի արդյունքն էր:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։