Քլինթոնի շտաբը խոստացել է ավելին պատմել նրա առողջության մասին
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը խոստացել է նրա առողջության մասին տեղեկություններ հրապարակել այն բանից հետո, երբ նախկին պետքարտուղարի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շտաբն աշխատում է Քլինթոնի բժշկի հետ, որպեսզի մոտ ժամանակներս ամբողջությամբ հրապարակի բժշկական պատմությունը և այլ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ նա «չունի այլ չբարձրաձայնվող հիվանդություն», պատմել է Քլինթոնի ներկայացուցիչ Բրայան Ֆելոնը MSNBC հեռուստաալիքի եթերում:
Քլինթոնի առողջական վիճակը տարբեր լուրերի առիթ է դարձել այն բանից հետո, երբ կիրակի օրը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված և Նյու Յորքի կենտրոնում անցկացվող արարողության ժամանակ նա վատացել է: Հրապարակված տեսանյութերում կարելի է տեսնել, որ Քլինթոնը դժվարությամբ է կարողանում կանգնած մնալ, և օգնականները նրան մտցնում են միկրոավտոբուս:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախագահի թեկնածուի մոտ թոքերի բորբոքում է ախտորոշվել, իսկ Քլինթոնը ստիպված է եղել չեղարկել Կալիֆորնիա նախատեսվող այցը:










