Ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի սկզբունքների խախտում է, սակայն քաղաքական արդյունքն ավելի կարևոր է. Դ. Հարությունյան

19:38 • 13.09.16

Կառավարության աշխատակազմի ժամանակավոր ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը համարում է Վենետիկյան հանձնաժողովի սկզբունքների խախտում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե տարիներ շարունակ իշխանությունները պնդել են, որ ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է:

«13 և գուցե ավելի տարի է, որ ես նշել եմ, որ ստորագրացուցակների հրապարակումը խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Խախտումը չի վերացել, այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ քաղաքական արդյունքը շատ ավելի կարևոր է, քան այդ խախտումը և գնացինք այդ քայլին»,-ասաց նա։

Հարցին, թե փոփոխությունները ե՞րբ կյանքի կկոչվեն՝ խորհրդարանական ընտրությունների ժամանա՞կ, թե ՏԻՄ ընտրություններին ինչ-որ պիլոտային մաս կյանքի կկոչվի, Դավիթ Հարությունյան ասաց, որ պիլոտային մասի վերաբերյալ դժվար է ասել՝ կհասցնեն, թե ոչ, որովհետև հիմա կսկսվեն գնման գործընթացները և ամեն ինչ կախված է լինելու դարձյալ այն սարքերի արտադրությունից, որոնք պետք է տեղադրվեն. «Վստահ չեմ, որ մեզ կհաջողվի պիլոտային ծրագիր իրականացնել, այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խորհրդարանական ընտրություններն իրականացվեն նոր մեխանիզմով»:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում  ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվեց  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ համաձայնության փաստաթուղթը: