Ի՞նչ ազգային համաձայնության կառավարության մասին է խոսքը, երբ ժողովուրդն օտարված է. Ստեփան Դեմիրճյան

18:46 • 13.09.16

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու հայտարարությանը:

«Ապրիլյան իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը խոսեց Ազգային համաձայնության կառավարության անհրաժեշտության մասին. այդ թեման առհասարակ, շատ է արծարծվում: Անշուշտ Հայաստանում, այն էլ  հիմա, երբ մեր  երկիրը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, Արցախում պատերազմի վտանգը չի չեզոքացվել, անհրաժեշտ է մի կառավարություն, որը կհամախմբի հասարակությանը և կնպատակաուղղի  այդ ներուժը երկրում կուտակված խնդիրների լուծմանը: Սակայն, այդ խոսակցությունները որևէ  իմաստ ունեն, քանի դեռ իշխանությունը մեր երկրում յուրացվում է:  Ի՞նչ ազգային համաձայնության կառավարության մասին է խոսքը, երբ ժողովուրդն օտարված է և կապ չունի իշխանության ձևավորման հետ»,-ասաց նա:

Ըստ Դեմիրճյանի՝ կարելի է տարբեր կուսակցության անդամների ընդգրկել նոր կառավարությունում և անունը դնել Ազգային համաձայնության կառավարություն:

«Բայց դա կլինի շինծու ազգային համաձայնություն, քանի դեռ ընտրությունները կեղծվում են»,-ասաց նա:

Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, թե առհասարակ վարչապետ և կառավարություն փոխելը
բավարար չէ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար:

«Հասարակությանը կարող է համախմբել երկրում արդարություն հաստատումը: Միայն ազատ, արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը կառողջացնի երկրում առկա գաղջ բարոյահոգեբանական մթնոլորտը և նախադրյալներ կստեղծի երկրի բնականոն զարգացան համար: Պետք չէ իշխանությունը բռնազավթել և խոսել ազգային համաձայնության կառավարության մասին, պետք է անցկացնել ազատ ընտրություններ»,-ասաց նա:

Նա խոսեց նաև 2017թ-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից և նշեց, որ «վարչախումբը պետք է գիտակցի և հրաժարվի իշխանությունն ամեն գնով պահելու գործելակերպից և ապահովի նորմալ ընտրություններ»: