Արկտիկայում հայտնաբերվել է բրիտանացի բևեռախույզ Ֆրանկլինի լեգենդար նավը

22:50 • 13.09.16

Բրիտանացի բևեռախույզ Ջոն Ֆրանկլինի արշավախմբի Terror նավը, որն անհետացել էր 1847-ին,  հայտնաբերվել է Կանադական արկտիկական արշիպելագի Քինգ-Ուիլյամ կղզու մոտակայքում:

Ինչպես գրում է The Guardian-ը` բրիտանացի ծովային սպայի ղեկավարությամբ կորած արշավախումբը Erebus և Terror  նավերով պետք է հայտնաբերեր Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս հասնող ուղին, որն անցնում էր Արկտիկայով:

Ֆրանկլինը և նրա 128 նավաստիներից բաղկացած անձնակազմը Բրիտանիայի ափերից մեկնել են 1845-ի մայիսին: Նրանց մասին վերջին տեղեկություններն ստացվել էին նույն տարվա օգոստոսին, իսկ արշավախմբի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Erebus նավը հայտնաբերելու մասին հայտնել էին 2014 թվականի սեպտեմբերին, իսկ այս կիրակի  Arctic Research Foundation կազմակերպության հետախույզները սուզանավի օգնությամբ հայտնաբերել են նաև երկրորդ նավը, որը խորտակվել էր Արկտիկայի ծովախորշերից մեկի մոտակայքում: