Կոմայի մեջ գտնվող որդիս հաղորդություն ստացավ ու խաչակնքվեց. քառօրյա պատերազմին մասնակից զինվորի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

14:24 • 13.09.16

Հայկ Թորոսյանը քառօրյա պատերազմի առաջին վիրավոր զինվորներից է, ծառայությունն անցկացրել է Մարտակերտի շրջանում, ծանր վիրավորումից հետո արդեն ապաքինվում է, ավելին՝ գոհ է իրենից՝ ապաքինվում է նորմալ տեմպերով:

Tert.am-ի հետ զրույցում Հայկ Թորոսյանը վերհիշեց քառօրյա պատերազմն ու ապաքինման ընթացքը:

«2016 թվականի հունվարին զորակոչվել եմ բանակ, ընդամենը երկու ամիս եմ ծառայել Մարտակերտի շրջանում, երկու ամիս անց՝ ապրիլի 2-ի առավոտյան, մեզ  բարձրացրեցին Մատաղիսի դիրքեր, և հենց այդ նույն օրն էլ վիրավորվել եմ։ Բեկորը ճակատիս հատվածից աջ կիսագնդային մասով հասել է ծոծրակիս շրջան և կանգ առել: Բժիշկների խոսքով՝ գանգուղեղի բեկորային թափանցող վնասվածք էի ստացել»,- ասաց Հայկ Թորոսյանն ու հավելեց, որ դրանից հետո ոչինչ չի հիշում և կոմայից դուրս է եկել Մուրացանի հոսպիտալում:

Հայկ Թորոսյանը պատմեց, որ վիրավորվելուց հետո Երևանում ենթարկվել է վիրահատության, ինչից հետո չորս օր մնացել է կոմայի մեջ. «Հոսպիտալում չէի կարողանում շարժել ձեռք ու ոտքս, հիմա ոտքս շարժվում է, ձեռքս՝ չէ, իսկ վերականգնողական փուլն իր արդյունքը տվեց հատկապես Կարմիր Խաչի հիվանդանոցում բուժումից հետո»:

Առողջ լինելու դեպքում բանակում ծառայելու ցանկության մասին հարցին ի պատասխան Հայկ Թորոսյանն ասաց, որ եթե առողջ լիներ կցանկանար ծառայել բանակում անգամ երկու տարուց ավելի, միայն թե պատերազմ չլիներ, իսկ այժմ դժվար է պատասխանել այդ հարցին:

Ապաքինման վերաբերյալ Հայկ Թորոսյանը լավատես է.«Նման դինամիկայով ապաքինման դեպքում մոտ 1.5 տարի պետք է նկատի ունենամ վերականգնման համար»:

Լևոն Թորոսյանի հայրը՝ Դավիթ Թորոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկի ծառայությունը նորմալ է անցել, իսկ նրա վիրավորվելու մասին իմացել են վիրահատությունից հետո. «Քառօրյա պատերազմի օրերին պարբերաբար հեռուստացույցով հայտնում էին,որ Հայկ Թորոսյանը գլխուղեղային վնասվածք է ստացել և ամեն անգամ դու քեզնից հեռու ես պատկերացնում և չես էլ ուզում մտածել, որ հնարավոր է քո որդին լինի։ Երեկոյան զանգեցին զինկոմիսարիատից և ասացին, որ արդեն վիրահատության է ենթարկվել և իմացանք, որ նա մեր որդին է: Վիճակն ամենածանր էր եղել երևի, բայց հույսներս Աստծո վրա էր»:

Դավիթ Թորոսյանի խոսքով՝ իր ընկերները խորհուրդ են տվել, որպեսզի որդին հաղորդություն ստանա, երբ գտնվել է կոմայի մեջ: Դավիթ Թորոսյանը հետևել է նրանց խորհրդին, և համոզված է, որ հաղորդությունն օգնել է որդուն.«Առաքելական բոլոր եկեղեցիներում աղոթում էին: Մուրացանի հիվանդանոց էլ երեք քահանաներ եկան և ես խնդրեցի, որ  հաղորդություն տան որդուս: Տեր Մաշտոցը  համաձայնեց, հաջորդ օրն եկանք և բժշկուհին ասաց, որ կոմայից դուրս է եկել, հետո կրկին

քահանան աղոթեց, ու նա աջ ձեռքը բացեց, որ աղոթքը վերջացրին,ինքն էլ մեր հետ խաչ արեց և դրանից հետո դեպի լավը  գնաց»։

Դավիթ Թորոսյանն ասաց, որ երբ Հայկը հիվանդանոցում է եղել շատ քաղաքացիներ եկել և իրենց աջակցությունն են հայտնել և կան մարդիկ, որ մինչ օրս այցելում են Հայկին:

Մանրամասները՝ տեսանյութում: