Լյուքսեմբուրգի արտգործնախարարը կոչ է արել Հունգարիային հանել Եվրամիության կազմից

13:01 • 13.09.16

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Հունգարիային հանել Եվրամիության կազմից` ընդգծելով, որ երկրի քաղաքականությունը հակասում է միության արժեքներին, հաղորդում է Die Welt-ը:

 

«Մենք չենք կարող համակերպվել այն բանի հետ, որ Եվրամիության հիմնարար արժեքները զանգվածաբար խախտվում են: Այն երկրները, որոնք Հունգարիայի նման պատերազմից փախչողների դեմ պատնեշներ են կառուցում, սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունն ու դատական իշխանության անկախությունը, պետք է ժամանակավորապես կամ ընդմիշտ հեռացվեն ԵՄ կազմից»,- ընդգծել է Ասելբորնը հրատարակությանը տված հարցազրույցում:

 

Նա նաև նշել է, որ Հունգարիայի`ներգաղթյալների հանդեպ վարած քաղաքականությունը վտանգավոր է: Նրա կարծիքով` երկիրը հեռու չէ «փախստականներին գնդակահարելուց», որոնք փորձում են հատել սահմանը:

 

Քաղաքական գործիչն ավելացրել է, որ եթե Հունգարիայի` ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշումը կայացվեր այժմ, այդ երկիրը ոչ մի շանս չէր ունենա:

 

Նշենք, որ օգոստոսի վերջին Բուդապեշտը հայտնել է Սերբիայի հետ սահմանին ցանկապատ կառուցելու պլանների մասին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ դա կարող է զսպել փախստականների հոսքը: