Ղազախստանի նախագահի դուստրը դուրս է մնացել կառավարության նոր կազմից

14:54 • 13.09.16

Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան, ով զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը, չի ընդգրկվել կառավարության նոր կազմում, սակայն երկրի կառավարության անդամների մեծ մասը վարչապետի փոփոխությունից հետո պահպանել են իրենց պաշտոնները:

 

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, համապատասխան հրամանագրերը տեղադրված են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կայքում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետի պաշտոնում է նշանակվել նախկին փոխվարչապետ Բակըտժան Սագինտաևը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտպանության նախարար է դարձել Գլխավոր շտաբի հրամանատար, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սակեն Ժասուզակովը: Նրա նախորդ Իմանգալի Տասմագամբետովն ազատվել է պաշտոնից և նշանակվել փոխվարչապետ:

 

Կայքը գրում է, որ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է դարձել արդարադատության նախկին նախարար Բերիկ Իմաշևը: