Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում Կարեն Կարապետյանը հավաստիացրել էր, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Նա նաև նշել էր, որ մոտ ժամանակներս կներկայացնի երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:
Ներկայացնում են ՀՀ 14–րդ վարչապետի կենսագրությունը:
Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
1970-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:
2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:
2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2010-2011թթ. Երևանի քաղաքապետ:
2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ։
2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:










