ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնության իրականացմանը. Յոհանես Հան
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում 2 գրառում է արել, որոնք վերաբերում են ընտրական բարեփոխումների շուրջ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված նոր քաղաքական համաձայնությանը:
«Թվիթներից» առաջինում պաշտոնյան նշում է, որ «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կառավարության և ընդդիմության միջև ընտրական բարեփոխումների հարցով քաղաքական համաձայնագրի ստորագրումը, որն իրականացվել է քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությանը զուգահեռ»:
Հաջորդ «թվիթում» պաշտոնյան հավելել է, որ «ԵՄ-ն պատրաստ է աջակցել, այդ թվում նաև ֆինանսապես, նման կարևոր նշանակություն ունեցող համաձայնագրի կյանքի կոչմանը»:










