Թուրքմենստանում նախագահության ժամկետը 5-ից 7 տարի են դարձրել

11:21 • 14.09.16

Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորներն Ավագանու խորհրդի նիստի ընթացքում միաձայն ընդունել են երկրի նոր Սահմանադրությունը, որով Թուրքմենստանի նախագահի կառավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 7 տարի՝  նախկին 5-ի փոխարեն: Այս մասին գրում է ռուսական Взгляд պարբերականը: 

 

Նշվում է, որ նոր Մայր օրենքը տեղում ստորագրել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

 

Ըստ 2008թ.-ին ընդունված հին Սահմանադրության՝ Թուրքմենստանի նախագահ կարող էր դառնալ քաղաքացին, որը ծնվել է Թուրքմենստանում, բացի այդ՝ նախագահի տարիքային նվազագույն շեմը պետք է լիներ 40 տարեկանը, իսկ առավելագույնը՝ 70: Մինչդեռ նոր Սահմանադրությունում բացակայում է «առավելագույնը 70 տարեկան» սահմանափակումը:

 

Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ նոր Սահմանադրությունն իր հետ կբերի երկրի սոցիալ-տնտեսական և հոգևոր զարգացման նոր փուլ: Նա նաև հավելել է, որ նոր սահմանադրական օրենքները մշակված են «մարդու իրավունքների միջազգային սկզբունքների հիման վրա»: