Տանը պարկերով փող թաքցրած ՌԴ ՆԳՆ պաշտոնյայի ընտանիքի բանկային հաշիվներին 300 մլն եվրո է հայտնաբերվել (լուսանկարներ)
ՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի ընտանիքի անդամների շվեյցարական բանկային հաշիվներին հայտնաբերվել է մոտ 300 մլն եվրո, հայտնում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ պաշտոնյայի աշխատանքային գրասենյակում ու տանն իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փողով լի պարկեր:
Բացի այդ, իրավապահների տրամադրության տակ են հայտնվել առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող Զախարչենկոյի հոր՝ Վիկտոր Զախարչենկոյի անունով գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշիվների վերաբերյալ փաստաթղթեր:
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 6 նմանատիպ հաշիվ, որոնցից յուրաքանչյուրին կա 45-47 մլն եվրո: Այժմ իրավապահները փորձում են պարզել գումարների ծագման աղբյուրները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 9-ի ձերբակալությանը հաջորդած խուզարկության արդյունքում գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է մոտ 123,5 մլն ԱՄՆ դոլար գումար: Ձերբակալության պահին Զախարչենկոյի մոտ անձամբ գտնվել է 20 մլն ռուբլի գումար:















