Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանական կողմի ներկայացրած միջնորդությունը:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Իսկ քանի դեռ միջնորդությունը քննվում էր, նրա մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ միջնորդությանն առարկած քննիչն անհեթեթ պատճառաբանություն է բերել, թե, հնարավոր է, որ Արամ Մանուկյանն ազատության մեջ լինելով նոր հանցագործություն կատարի՝ հորն ազատելու համար:
Մինչդեռ պաշտպանական կողմն իր միջնորդության մեջ նշել էր, որ Արամ Մանուկյանը՝ առողջական լուրջ խնդիրներ ունի, քայլում է հենակներով (նա ծունկը դեռևս չի կարողանում ծալել), գտնվում է ՔԿՀ –ի հիվանդանոցում, բնութագրվում է դրական, ուսանող է, ունի մշտական բնակություն:
Նաև ներկայացվել է այն փաստարկը, որ Պավել Մանուկյանը նրա հայրն է և գտնվում է կալանավայրում, հետևաբար, սա նույնպես երաշխիք է, որ նա չի խուսափի նախաքննությունից:
Ինեսսա Պետրոսյանը հավելեց, որ միջնորդության քննարկման ժամանակ քննիչն ստիպված է եղել ընդունել, որ նրանք գտնվում են կալանավայրում՝ իրենց քաղաքական հայացքների համար:










