Աղավնաձորցիները փակել են բոլոր հիմնարկները՝ ի նշան մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի. գյուղապետ
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում այսօրվանից բոլոր հիմնարկները, այդ թվում՝ դպրոցը, մանկապարտեզը փակ են՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի: Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փակ է նաև գյուղապետարանը: «Ես էլ եմ էլի Աղավնաձորի գյուղացի, ի՞նչ տարբերություն, ես էլ եմ խաղող մշակում ապրում»,-ասաց նա և նշեց, իրենց ոչ մի լուծում այդպես էլ չեն առաջարկել:
Նշենք, որ աղավնաձորցիները երեխաներին դպրոց և մանկապարտեզ չէին տարել նաև սեպտեմբերի մեկին:
Հարցին, թե իրենց խոստացված տասնհինգ օր ժամկետն անցել է, ոչ մի պատասխան չի՞ տրվում, գյուղապետը պատասխանեց. «Ո՛չ մարզպետարանից, ո՛չ կառավարությունից ոչինչ չեն ասել»: Նա նշեց, որ հիմնարկները փակ կլինեն այնքան ժամանակ, մինչև իրենց հարցին լուծում տրվի:
«Ի՞նչ պետք է անենք, պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ արենի սորտի խաղող չի լինելու: Հիմա պետք է գնանք մտածենք ոնց ապրենք, վառելիք ճարենք ձմեռը վառենք, մի բան կանենք էլի, հո սոված չենք մեռնելու»,-ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի մեկին նշել էր, որ Վայոց Ձորի մարզպետն ու «Վեդի Ալկո» ընկերության ղեկավարը Աղավնաձորում քննարկել են անցյալ տարի աղավնաձորցիներից մթերված խաղողի գումարների վճարման հարցը, որն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։ Աղավնաձորցիները որոշել էին սպասել 15 օր:
Նշենք նաև, որ գյուղացիների մի մասն իրենց խաղողը հանձնել է «Վեդի Ալկո» ընկերությանը, իսկ ընկերությունը գյուղացիներին պարտք է 140 մլն դրամ: «Վեդի Ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանը Tert.am–ի հետ զրույցում ասել է, որ չի կարող հստակ ժամկետ ասել, թե երբ կկարողանա ընկերությունը մարել վերոնշյալ 140 մլն դրամ պարտքը մթերված խաղողի դիմաց։










