Ֆուտբոլային հանդիպումից 2 օր առաջ կիպրոսական ակումբից գողացել են բոլոր մարզակոշիկները

21:34 • 16.09.16

Կիպրոսի Ֆամագուստա քաղաքում կողոպտիչները գողացել են «Նեա Սալամինա» ֆուտբոլային ակումբի հանդերձանքը: Ինչպես հայտնում է BBC-ն, թիմը դժվարին կացության մեջ է հայտնվել գալիք խաղին ընդառաջ:

Ինչպես տեղեկացնում է ակումբի ղեկավարությունը, Լառնակայում հանդերձասրահից 70 զույգ մարզակոշիկ և 4 զույգ դարպասապահի ձեռնոց են գողացել:

Մարզակոշիկի մեկ զույգն արժե 200 եվրո, իսկ ձեռնոցները` մոտ 100 եվրո: Գողացված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է 14 000 եվրոն:

Ոստիկանությունը ենթադրում է, որ գողերը հանդերձարան են մտել լոգասենյակի պատուհանից:

Հաջորդ հանդիպումը «Նեա Սալամինան» պետք է անցկացնի կիրակի Լիմասոլ քաղաքը ներկայացնող «Արիս» ակումբի հետ: Ակումբի ադմինիստրացիան դեռևս դժվարանում է ասել, թե ինչով են ֆուտբոլիստները դաշտ դուրս գալու: