Իրանի նախագահի այցը Հայաստան պատահական չէ. իրանագետ

12:35 • 16.09.16

Հայ-իրանական հարաբերությունները ընթացիկ տարում վերընթաց են ունեցել. Իրանի նախագահի սպասվող այցն էլ պետք է դիտարկել այդ համատեքստում, որովհետև Իրանը տարածաշրջանում վարում է հավասարակշռված քաղաքականություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը` անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան այցին:

Իրանագետը նշեց, որ Իրանը տարածաշրջանում վարում է հատկապես հավասարակշռված քաղաքականություն, այս առումով Իրանի նախագահի այցը պատահական չէ. «Օգոստոսի 8-ին տեղի ունեցավ Ռոհանիի այցը Բաքու, և տարածաշրջանում հավասարակշռությունը պաշտպանելու համար նա պետք է այցելեր Հայաստան»,- ասաց իրանագետը՝ հավելելով, որ այս այցը դուր չի եկել Ադրբեջանին։ 

«Ավելին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ-ն՝ բացատրություն տալու, թե ինչու են Ադրբեջանի խորհրդարանում հնչում հակաիրանական հայտարարություններ և ինչու են Ադրբեջանում Իրանի նախագահի՝ Հայաստան այցին սպառնում Ալիևի՝ Իսրայել այցով»,-ասաց Տոնոյանը:

Tert.am-ի հարցին, թե նույն համատեքստում արդյոք վատթարացե՞լ են թուրք-իրանական հարաբերությունները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան այս տարվա հունիսից կարգավորում է հարաբերություններն Իսրայելի հետ, Տոնոյանը պատասխանեց. «Թուրք-իրանական հարաբերությունները լարված են: Թուրքիայում հեղափոխության փորձի ժամանակ Իրանի ազգային անվտանգության ամենաբարձր մակարդակով հնչեց ձևակերպում, որ Թուրքիան պետք է հասկանա, որ «Իսլամական պետությանը» հովանավորելով, Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելով չի կարող երկար ճանապարհ գնալ»:

Անդրադառնալով հայ- իրանական հարաբերություններին՝ Տոնոյանն ասաց, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում խնդիրներ չի ունեցել։ Ավելին՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը պահպանել է նաև այն ժամանակ, երբ Իրանի նկատմամբ սահմանված էին պատժամիջոցներ: