Մեխիկոյում մի քանի հազար մարդ փողոց է դուրս եկել՝ պահանջելով նախագահի հրաժարականը
Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նետոյի հրաժարականը դարձել է Մեքսիկայի մայրաքաղաքում հինգշաբթի երեկոյան կայացած ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը: Անկախության տոնի նախօրեին մեգապոլիսի փողոցներ է դուրս եկել մի քանի հազար մարդ, այդ թվում 2014թ-ի սեպտեմբերի 26-ին Իգուալա քաղաքում անհետ կորած 43 ուսանողների ծնողներն ու համակուրսեցիները:
«Հանրությունը հոգնել է այն ամենից, ինչ տեղի է ունեցել այս նախագահական պաշտոնավարման ընթացքում: Այս կերպ մենք ցուցադրում ենք մեր զզվանքը»,- MVS Noticias ռադիոկայանը մեջ է բերել Օմար Գարսիայի խոսքերը, ում հաջողվել է փրկվել Իգուալում տեղի ունեցած հարձակումից:
Ըստ իշխանությունների գնահատականի՝ ցուցարարների թիվը կազմել է մոտ 5 հազար մարդ: Իրավապահների հետ բախումների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ Իգուալում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով 6 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը վիրավոր է, իսկ 43-ն անհետ կորած է:










