ՌԴ-ի հետ կնքված 200 միլիոն դոլարանոց վարկի շրջանակներում ձեռք բերված զինտեխնիկան, կարծես թե, արդեն Հայաստանում է․Կ. Վրթանեսյան

21:15 • 16.09.16

 

Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի՝ Հայաստանում եղած կամ բերվող զինատեսակների մասին այնքան է խոսվել, որ կարծես թե, անակնկալ չէր այսօրվա անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձի ժամանակ ցուցադրված զինտեխնիկայի տեսականին: 

«Ցուցադրվեց սմերչ, ռադիոէլեկտրոնային պայքարի որոշ կայաններ կային, կար նաև ՀՕՊ նոր միջոցներ, և դատելով ցուցադրվածից և նաև որոշ ռուսական աղբյուրների հրապարակած փաստաթղթերից, կարծես թե, Ռուսաստանի հետ կնքված 200 միլիոն դոլարանոց վարկի շրջանակներում ձեռք բերված զինտեխնիկան արդեն Հայաստանում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նա նշեց, որ դատելով այսօր լրատվամիջոցների հրապարակից՝ ցուցադրվելու է աննախադեպ զինտեխնիկա․ նախկինում դրանք չեն ցուցադրվել:

Հարցին, թե այսօրվա փորձին ցուցադրվածից բացի, այլ անակնկալներ կլինեն, ռազմական փորձագետը պատասխանեց․«Թեթև ակնարկներ կան այդ մասին: Այնտեղ դատարկ քարշակներ կային, երևի թե զորահանդեսին այդ քարշակների վրայինը կլինի անակնկալը»:

Կարեն Վրթանեսյանը նշեց, որ անկախության 25-ամյակի զորահանդեսին հավանաբար ամբողջ զինտեխնիկան չի ցուցադրվի: Միևնույն ժամանակ ավելացրեց, որ հասկանալի է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նմանատիպ զորահանդեսները նաև քարոզչական նպատակ ունեն:

Ռազմական փորձագետը  նկատեց, որ հարևան երկրներում (նկատի ունի Ադրբեջանում և Թուրքիաում- Հ․Հ․) արդեն հետևում են զորահանդեսի փորձին, քննարկում են, թե ինչ է ցուցադրվել․ «Ուղիղ եթերով  հեռարձակվել է այս փորձը, հարևան երկրներում, քննարկումներից դատելով, ուրախ չեն իրենց տեսածից»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, ընթանում էր անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը: 

Երևանի կենտրոնական փողոցներով հրապարակ էր տեղափոխվել ներկայացվող զինտեխնիկան: