Մարսի վրա ջուրը 1 մլրդ տարով ավելի ուշ է գոյություն ունեցել, քան մինչ այդ համարվում էր. ՆԱՍԱ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները պարզել են, որ Մարս մոլորակի մակերևույթին ձյան հալոցքի հետևանքով առաջացած լճերն ու առվակները գոյություն են ունեցել ավելի ուշ, քան նախքան այս ընդունված էր համարել:
Ինչպես նշվում է կայքում, ամերիկացի գիտնականները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով Mars Reconnaissance Orbiter արբանյակի կողմից Երկիր ուղարկված թարմ լուսանկարները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր մոլորակի» հյուսիսային բևեռային շրջանները պատկերող լուսանկարներից պարզ է դառնում, որ ջրի ահռելի պաշարները Մարսի վրա գոյություն են ունեցել այսպես կոչված «Մարսի խոնավ դարաշրջանից» 1 մլրդ տարով ավելի ուշ:
Նոր հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրություններ անել առ այն, որ մարդկանց կարող է հաջողվել սառած ջուր հայտնաբերել Մարսի հյուսիսային հատվածներում:













