Հայաստան-Իրան համագործակցությունը ոչ միայն չի վտանգում  ՀՀ-ՌԴ համագործակցությանը, այլ նաև փոխլրացնում է դրան․ իրանագետ

20:53 • 16.09.16

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ Հայաստան-Իրան համագործակցությունը ոչ միայն չի վտանգում  Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը, այլ նաև փոխլրացնում է դրան: Tert.am-ի  հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկումներին, թե Ռուսաստանը խոչընդոտում է հայ-իրանական հարաբերություններին՝ ասաց․  «Միգուցե լինեն որոշակի ոլորտներ, որտեղ հավանաբար  ռուսական որոշ շրջանակներ կարող են ունենալ անհանգստություն, բայց այս համատեքստում պետք է դիտարկել մի կարևոր հանգամանք՝ ընդհանրապես տարածաշրջանում Հայաստանը քաղաքականությունը վարում է բավականին բալանսավորված՝ փորձելով խուսափել երկրների շահերի բախումից մեր տարածքում: Բախում, որը կարող է լի  լինել բազմաթիվ վտանգներով»: 

Այս համատեքստում նա օրինակ բերեց Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու հիմնման նախագիծը: Նշեց, որ դրա իրագործումը ոչ միայն կնպաստի  Հայաստանի հարավային հատվածի զարգացմանը, այլև փաստացի Հայաստանը կդառնա կամուրջ Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամների համար:

«Այս համատեքստում Հայաստանը,  ըստ էության, իր ստանձնած դերակատարությամբ համադրում է թե՛ իրանական երկրի, թե՛ ռուսական երկրի շահերը: Հաշվի առնելով ռուս-իրանական հարաբերությունների բավական բարձր մակարդակը՝ հատկապես վերջին ամիսներին՝ ես կարծում եմ, որ բոլոր կողմերն էլ այս համագործակցությունից կարող են ունենալ դրական արդյունքներ, և հայ-իրանական հարաբերություններն անհանգստությունների տեղիք չեն կարող տալ որևէ երրորդ կողմի համար»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը շատ կարևոր համարեց Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը Իրանի նախագահ   Հասան Ռուհանիի՝ Հայաստան այցելության մասին․ «Սա կարևոր է՝ այն հանգամանքը նկատի ունենալով, որ նման բարձրաստիճան անձի այցը Հայաստանի Հանրապետություն իր հետևից բերելու է նաև լրացուցիչ խթան հայ-իրանական համագործակցության տարբեր ոլորտներում, խոսքը վերաբերում է թե՛ քաղաքական հարաբերությունների ոլորտներում, թե՛ ինչու տնտեսական ու մշակութային»:

Նա նշեց, որ չնայած այցելության ժամկետներ չեն նշվում, բայց հաշվի առնելով, որ հաջորդ իրանական տարին՝ մարտից հետո, նախընտրական փուլ է, և Հայաստանում ևս ընտրություններ են լինելու, ապա մինչև հայկական Նոր տարին հանդիպումը կկայանա:

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ Իրանի նախագահը Ադրբեջան այցից հետո ծրագրում է այց  Հայաստան, որպեսզի բալանսավորի իր հարաբերությունները երկու երկրների միջև, Վարդան Ոսկանյանը պատասխանեց․ «Իրանն ունի իր տարածաշրջանային շահերը, այդ շահերի ուղեծրում է գտնվում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը կամ այլ բառերով ասած՝ Հայաստանի հզորացումը: Իրանական քաղաքական վերնախավը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում կարևորագույն երկիր է, առաջին  հերթին՝ իրանական վերնախավի կամ Իրանի պետական շահերի տեսանկյունից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հակառակ պարագայում՝ Հայաստանի թույլ լինելու պարագայում, Իրանի հյուսիսային կողմի անվտանգությունը կարող է խաթարվել,֊ որովհետև հենց թեկուզ արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանը կատարում է որոշակի զսպաշապիկի դերակատարություն՝ Ադրբեջանի ռեսուրսները զբաղեցնելով կամ թույլ չտալով, որ Ադրբեջանի ռեսուրսները ուղղորդվեն Իրանի Հյուսիսային թյուրքալեզու տարածքներ:

Ըստ իրանագետի՝ դա չի նշանակում, որ Իրանը չի փորձելու զարգացնել իր հարաբերություններն այլ երկրների հետ: «Բայց մի շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: Իրանը երբեք չի մասնակցի Հայաստանի մեկուսացմանը, Հայաստանի թուլացմանը, տարածաշրջանում Հայաստանի դերակատարության նվազմանը»: