Ֆրանսիացիներն ուզում են, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը տեղի ունենա Փարիզում. Կայծ Մինասյան
Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Սարգսյան–Ալիև սպասվող հանդիպման մասին, ասաց, որ Փարիզում նախագահների հանդիպումը խաչմերուկի առջև է՝ նկատի ունենալով, որ հանդիպումը տեղի ունենալու 50/50 հավանականություն ունի։
«Ֆրանսիացիներն ուզում են, որ այդ հանդիպումը տեղի ունենա, բայց քանի որ խնդիրներ կան նախագահների միջև, Ֆրանսիան և գլխավորապես Ֆրանսուա Օլանդը չի ցանկանում, որ նոր պարտություն ունենա, ինչպես որ եղավ 2014 թվականին»,- ասաց նա` նկատի ունենալով այդ տարվա հոկտեմբերին Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կազմակերպած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Ըստ Կայծ Մինասյանի՝ եթե Փարիզը պետք է կազմակերպի այդ հանդիպումը մինչև սեպտեմբերի վերջ կամ հունվարին, ապա լավ կլինի․ «Բայց հիմա խնդիրներ կան համանախագահների միջև, որովհետև ըստ Ջեյմս Ուորլիքի խոսքի, պետք է Նյու Յորքում լինի ՄԱԿ-ի խորհրդաժողովի ժամանակ: Դեռ պարզ չէ՝ հանդիպումը կլինի նախագահների՞, թե՞ արտաքին գործերի նախագահների մակարդակով»:
Ֆրանսահայ քաղաքագետը նշեց, որ ֆրանսիացիները հիմա պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել։ «Բայց ցանկանում են, որ երաշխավորություններ ունենան, որ այդ հարցերը դրական ու խաղաղ ձևով լուծվեն»,– ասաց նա:










