Հաջակցություն «Սասնա ծռերի» համերաշխության, ոգու և պայքարի  ցուցադրման երթն ավարտվեց Ազատության հրապարակում

19:30 • 17.09.16

 

 

21։15

Երթի մասնակիցները երթն իրականացրին նախապես նշված եթրուղով ու վերադարձան Ազատության հրապարակ։

________________________________________________________ 

20:36

Թմբուկներով, եռագույններով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բարձրաձայն վանկարկում են «Սաս-նա ծը-ռեր», «Ա-զատ, ան կախ Հա-յաս-տան»:

Ապա կարգախոսը դարձավ` «Մենք Սասնա ծուռ ենք»  ու վանկարկումները դարձան անվանական`«Ա-րամ» , «Պավ-լիկ» , «Ա-շոտ», «Սըմ-բատ»  և այսպես զինված խմբի բոլոր անդամների անուններով:

 

_______________________________________________________

20:33

Քաղաքացի տիկին Քնքուշ Մելիքյանը, որ ելույթ ունենալու ցանկություն էր հայտնել, հայտարարեց, որ  «Սասնա ծռերը» ձեռքը դրեցին ժողովրդի զարկերակի  վրա: «Եվ զգացին մեր սրտերի տրոփյունը: Իսկ ի՞նչ եղավ հետո»,- հարցրեց նա ու ավելացրեց. «Մի՞թե մոռացանք մեր մատաղված 18 տարեկաններին, մի՞թե մենք մատաղվելու տղաներ ունենք»:

Տիկինը կոչ արեց`«ուշքի եկեք, թշնամին քնած չէ»:

Ապա մեկնարկեց, ըստ հայտարարվածի,  համերաշխության, ոգու, և պայքարի  ցուցադրման երթ:

Երթը կընթանա  Սայաթ Նովա-Աբովյան-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:

 

________________________________________________________

20:22

Ի պաշտպանություն  «Սասնա ծռերի»  հանրահավաքին ելույթով հանդես եկած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ տարբեր քաղաքներում անցկացված հավաքներն ու երթերը մեկ նպատակ են հետապնդում, որ «Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջներն ի կատար ածվեն:

««Սասնա ծռերին» շուտափույթ ազատում, պայքարենք դրա համար, առավել ևս, որ գլխավոր դատախազը, դա անձ չէ, դա պաշտոն է, հայտարարել էր, որ եթե զենքը վայր դնեն, այլ մոտեցում է լինելու: Դա պաշտոնական մոտեցում է»,- հիշեցրեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով. ««Սասնա ծռերի» անդամների հիմնական մասը շատ շտապ պետք է ազատության մեջ լինի: Ոստիկանների հետ կապված դրվագների մասով /սպանությունների/ «Սասնա ծռերի» ներկայացուցիչներն էլ պետք է արդար դատաքննության պրոցես ունենան»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նկատեց, որ մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենածանր ժամանակները: Արմեն Մարտիրոսյանի համար, օրինակ, ծանր տարիներ չեն եղել 90-ականները, երբ չկար լույս, հաց, բայց ազգը միասնական էր և պայքարում էր հայրենիքի ազատության համար: Իսկ արտագաղթը սկսվեց 1995-ից, երբ  առաջին անգամ ընտրություններ կեղծվեցին:

«Ինձ համար ծանրն այս պահն է, երբ Էջմիածնում ՏԻՄ ընտրությունների համար արդեն իրար վրա են կրակում, ծեծում են, ջարդում են, մեկն ասում է` ավագանուն են գողացել… խոսուն է փաստը, որ զավակ կորցրած հայրը Հրազդանում դանակահարում է վարորդին, ով վրաերթի էր ենթարկել իր մանկահասակ երեխային, որովհետև ինքը դատարանից արդարություն չի սպասում, որովհետև տեսնում է, որ խաղաղ ցուցարարը, քաղաքական գործիչը կարող են ամիսներով կալանավորվել, իսկ մանկահասակ երեխային սպանած անձը կարող է շատ արագ բանտից  դուրս գալ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա ամփոփմամբ` հայը շատ սուր է զգում արդարության զգացումը և արտագաղթում է անարդարության ժամանակ:

«Էսօր էլ «Սասնա ծռերը» փորձում էին արդարություն հաստատել: Արդարություն` երկրի կառավարման մեջ, Արցախի պայքարում, որ ազատագրված տարածքները չվերադարձվեն, որ Հայաստանը  քաղբանտարկյալներ  չունենա»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ  Սարի թաղի դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀ ոստիկանության ճնշող մեծամասնությունը ժողովրդի հետ է:  «Ոստիկանության ճնշող մեծամասնությունն այլևս այդ խաղի մեջ չէ»,- ավելացրեց նա:

Նա այս անգամ ևս կրկնեց «ինքնիշխանության թեզը», այն է` առանց ինքնիշխանության Հայաստանը չի կարող զարգանալ, այն կախվածությունը, որ կա ՌԴ-ից, այդ միակողմանի ուղղահայաց հրահանգները Հայաստանի համար չեն այլևս:

«Այն աստիճանի ուղղահայաց, որ բերվեց վարչապետ անձնավորություն, ում պաշտոնավարման   ժամանակահատվածում Իրանից Հայաստան եկող գազամուղի նախ տրամաչափը փոքրացվեց, հետո տրվեց Ռուսաստանին: Եթե նա պետության շահերի պաշտպան անձ լիներ, անմիջապես հրաժարական կտար և կասեր` «Հայաստանի միջով անցնող գազամուղերը պետք է պատկանեն Հայաստանին», եթե ի սկզբանե հայկական կապիտալով են այդ գազամուղերը կառուցվել»:  

Արմեն Մարտիրոսյանը, արձանագրելով, որ «կախարդական փայտիկ են ման գալի» ավելացրեց. «Կախարդական փայտիկի տեղն ասում եմ. արժանացեք ժողովրդի  վստահությանը, թույլ տվեք տնտեսությունը ազատ շնչի և կախարդական փայտիկը կդառնա կախարդական գերան»:

Նա նկատեց, որ այս իշխանությունները նույնիսկ Շահ Աբասի չափ չկան, ով հայերին տարավ Պարսկաստան, որպեսզի իր երկիրը ծաղկեցնի:

_____________________________________________________________

19:55

Հանրահավաքի մեկնարկը տրվեց «Սաս-նա ծը-ռեր» վանկարկումներով. «Հայազն» կուսակցությունը ներկայացնող Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց. «Քանի որ այդ համերաշխության առանցքն այս պահին «Սասնա ծռերն» են»։

Ըստ նրա` հենց «Սասնա ծռերն» էին, որ հիշեցրին, որ մենք ազգ ենք, ոչ թե բնակչություն:

Նա  հիշեցրեց, որ աշխարհի 9 երկրներում այսօր եղել են համերաշխության երթեր և  հիացմունք   հայտնեց, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցները, որոնք չեն կրում  անարդարության, աղքատության սարսափելի բեռը. այնուամենայնիվ, միավորվել են:

«Ցանկացած մարդ, որն իրեն հայ է համարում, իսկ հայը ոչ միայն ինչ-որ հայկական խորտիկների պատրաստումը պահպանելն է, կամ  մեկ-մեկ հայերեն խոսելը, այլ հայը Հայաստանով ապրելն է: Եվ մի ստվար հատված սփյուռքում ապացուցեց, որ ապրում է հայրենիքով»,- ասաց ելույթ ունեցողը:

Ամեն դեպքում, նա  մեր հայրենակիցներին առաջարկում է հիշել, որ կա հայկական հայրենիք. «Հայ ժողովուրդը կա և ունի ապագա, կեցցե պայքարը: Ազատություն»:

 

_______________________________________________________________

Երևանի Ազատության հրապարակում  մեկնարկեց  հաջակցություն «Սասնա ծռերի» ընդվզման, ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և հանուն   ժողովրդավար Հայաստանի  հանրահավաքը:  

Հիշեցնենք, որ այդ նպատակով  աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում ևս այսօր կայացել են համահայկական հավաք-երթեր: