Որևէ հիմք չկա չեղյալ համարելու Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները. Տիգրան Մուկուչյան
Սեպտեմբերի 18-ին նշանակված Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները չեղյալ չեն համարվի՝ պայմանավորված Էջմիածնում երեկ տեղի ունեցած միջադեպով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ նրա` որևէ հիմք չկա վաղը կայանալիք ընտրությունները կասեցնելու համար, նման բան նախատեսված չէ օրենքով։
«Ընտրական օրենսգրքում դրույթ, որ որևէ միջադեպով պայմանավորված ընտրական գործընթացը կանգնեցնելու կամ կասեցնելու հետ կապված, ամրագրված չէ: Իսկ եթե ամրագրված չէ, հետևաբար ընտրական հանձնաժողովներն իրենք իրենց հայեցողությամբ չեն կարող ընդունել որոշումներ, որոնք ԸՕ-ով նախատեսված չեն»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցների ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ և մյուս թեկնածուի` Արթուր Թումանյանի կողմնակիցները պահանջում են հետաձգել վաղը կայանալիք ՏԻմ ընտրությունները:
Ինչ վերաբերում է հարցին, թե նման միջադեպերն ինչ ազդեցություն կարող են թողնել ընտրական գործընթացի վրա, ԿԸՀ նախագահն ասաց, որ ընտրական գործընթացի հետ կապված ազդեցության խնդիրները, այսինքն՝ թե որքանով է այս կամ այն հանգամանքն ազդել ընտրական գործընթացի վրա, քննարկման առարկա է դառնում ընտրության արդյունքն ամփոփելիս միայն:










