Միշել Օբաման երիտասարդությանը կոչ է արել քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման երիտասարդ ընտրողներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին ու քվեարկել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հաղորդում է Associated Press-ը:
«Երբ լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում, թե այս ընտրությունների առիթով ոգևորություն չեն զգում, չեմ կարող համաձայնել. ես ոգեշնչված եմ»,- ասել է Միշել Օբաման Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի կինը երիտասարդներին կոչ է արել միավորվել Հիլարի Քլինթոնի օգտին` «հաշվի առնելով այլընտրանքը»: Օբաման իր ելույթի ժամանակ բազմիցս քննադատել է Քլինթոնի հակառակորդ Դոնալդ Թրամփին` չտալով նրա անունը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին: Հարցումների մեծամասնության համաձայն`Քլինթոնն ու Թրամփը երկրի մասշտաբով ընտրողների շրջանում մոտավորապես հավասար աջակցություն են վայելում:










