Ծաղկահովիտում բնակիչները շրջում են Արայիկ Խանդոյանի լուսանկարով շապիկներով (լուսանկարներ)

14:59 • 18.09.16

Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում նորմալ հունով ընթանում են ընտրությունները, որևէ խախտում չի գրանցվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ընտրական հանձնաժողովի նախագահ Մնացական Պողոսյանը: 

«Խախտումներ չեն նկատվել, ժամը մոտավորապես 2-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է մոտ 600 մարդ,այդ թվում նաև` Արայիկ Խանդոյանի մայրն ու գործող համայնքապետը»,-ասաց նա։

Հարցին, թե ընտրատարածքում 15 հոգոց ավելի մարդ կա, և արդյո՞ք դա խախտում չէ, ընտրական հանձնաժողովի նախագահն ասաց, որ սենյակը փոքր է։

Նշենք, որ Ծաղկահովիտ համայնքում ոստիկանության աշխատողների մեծ թիվ կա, իսկ համայնքի սկզբից մինչև ընտրատեղամաս մեքենաների վրա փակցված են Արայիկ Խանդոյանի լուսանկարներով պաստառներ։ Համայնքի բնակիչները շրջում են նաև Խանդոյանի լուսանկարով շապիկներով։ 

«Արայիկ Խանդոյանի լուսանկարը կրող շապիկներով ընտրողներ ընտրատարածք չեն մտել, իսկ այս ընտրությունները նախորդներից չեն տարբերվում»,-ասաց հանձնաժողովի նախագահը։


 

Երիտասարդներից մեկը, ով ընտրատարածք էր եկել Արայիկ Խանդոյանի պատկերով շապիկով,Tert.am հարցին, թե ինչ խորհուրդ է կրում այն, կարճ պատասպանեց. «Մենք բոլորս Սասնա ծուռ ենք»։