Ընտրողների փոխադրումներ, տեղամասից դուրս կուտակումներ, ընտրակաշառք՝ Աշտարակի ՏԻՄ ընտրություններում
«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ Աշտարակ քաղաքի ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են խախտումներ: Ըստ դիտորդական առաքելություն իրականացնող կենտրոնի՝ Աշտարակ քաղաքի 14/4 տեղամասում եղել են ընտրողների խմբերի փոխադրումներ և կամ տեղամասից դուրս կուտակումներ, տեղամասերում քարոզչական նյութերի առկայություն, դիտորդների կամ ԶԼՄ-ի ներկայացուցիչների գործունեության խոչընդոտում:
Նույն քաղաքի 14-5 տեղամասում արձանագրվել է ընտրակաշառքի բաժանում, քվեատուփերի լցոնում, քարոզչական նյութերի առկայություն, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում:
4/6 տեղամասում արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի գործողությունների կազմակերպման կարգի խախտում, ընտրատեղամասի սխալ կահավորում:










