Ընտրական հանձնաժողովի նախագահը հերքում է, որ Աշտարակում խախտումներ են եղել

11:13 • 18.09.16

Tert.am-ի հետ զրույցում ՏԻՄ ընտրություններում Աշտարակ քաղաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը հավատացրեց, որ իրենց հանձնաժողովը հերթով բոլոր տեղամասերում եղել է, իրենք որևէ ընտրախախտում չեն արձանագրել:

«Ե՛ւ դիտորդները, և՛ ԶԼՄ ներկայացուցիչները  տեղամասում շատ են, եթե հիսուն մարդ գնում է նույն տեղամաս, պատկերացրեք, թե ինչ կլինի,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը համոզված է, որ այն խախտումները, որոնց մասին խոսում են, չկան։

«Գնացել եմ ընտրատեղամաս, հարցրել եմ՝ ո՞ր դիտորդն է, ի՞նչ է եղել, ասել են՝ ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա։

Անդրադառնալով ընտրատեղամասերում եղած կուտակումների, ընտրակաշառք բաժանելու մասին եղած արձանագրություններին՝  նա ասաց, որ նման բաներ իրենք չեն նկատել:

Նշենք, որ «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ Աշտարակ քաղաքի ՏԻՄ ընտրություններում արձանագրվել են խախտումներ: Ըստ տեղեկատվության՝ տարբեր տեղամասերում եղել են ընտրակաշառքի բաժանման, տեղամասերից դուրս կուտակումների, ԶԼՄ-ների և դիտորդների աշխատանքի չարաշահման և այլ խախտումների դեպքեր: