Ծաղկահովիտում ընտրություններն ավարտվել են, 19:50-ի դրությամբ քվեարկել է 957 ընտրող. ամփոփ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի թիվ 14/1 ընտրատարածքում ընտրություններն ավարտվել են: Ընտրատեղամասը փակվել է ժամը 20:00-ին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ընտրական հանձնաժողովի նախագահ Մնացական Պողոսյանը. «Ընտրատարածքը փակվել է սահմանված ժամին՝ 20:00-ին, ժամը 19:50-ի դրությամբ 1609 ընտրողից ընտրություններին մասնակցել է 957 ընտրող»:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի հայրենի գյուղում ընտրության օրը բազմաթիվ մեքենաների վրա փակցված էին նրա ու «Սասնա ծռերի» պատկերներով լուսանկարներ, բազմաթիվ երիտասարդներ կրում էին նրա պատկերով շապիկներ:
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում էլ 14/1 ընտրատարածքում քվեարկությունը ժամանակավորապես դադարեցվեց, որովհետև ընտրական հանձնաժողովին անհայտ անձը մուտք գործեց ընտրատեղամաս և հրամայեց դադարեցնել ընտրություններն ու դուրս հանեց Արայիկ Խանդոյանի կնոջը՝ ամուսնու պատկերով շապիկ կրելու համար:
Այնուհետև պարզվեց, որ միջադեպի հեղինակը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի օգնական Կարեն Տոնոյանն է:
Այնուհետև համայնքապետի թեկնածու Նորաին Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ համայնքում 10. 000-ական դրամ ընտրակաշառք է բաժանվել:
Բացի դրանից՝ 14/1 ընտրատեղամասում խոտան ծրարներ կային և օգնության կարիք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ:
Նշենք, որ Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ):










