Ղրղըզստանի նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել

21:47 • 19.09.16

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը բաց կթողնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը սրտի հետ կապված խնդիրների պատճառով:  Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 19-ին տեղեկացնում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջը:

60-ամյա Աթամբաևը կրծքավանդակի շրջանում անհանգստություն և ցավ է զգացել Բիշքեկից Նյու Յուրք ուղևորվելիս, որտեղ անցկացվում է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանը: Նախնական բուժզննման արդյունքում բժիշկները նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ի հայտ բերել և եզրակացրել, որ նախագահին անհապաղ ընդլայնված հետազոտություն է պետք անցնել:

Այդ իսկ պատճառով Աթամբաևը որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ:  Ղրղըզստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ղեկավարել է արտգործնախարար Էրլան Աբդիլդաևը: