Դանիան հայտարարել է միջազգային կոալիցիայի կազմում Դեր Զորում սիրիական զորքերին «սխալմամբ» հարված հասցնելու մասին

10:32 • 19.09.16

Դանիայի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչ մասնակցել է Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելուն, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 զինծառայող: Այդ մասին հայտնել է թագավորության զինված ուժերի մամուլի ծառայությունը, գրում է lenta.ru-ն:

 

«Դանիական 2 F-16-երը մասնակցել են այդ հարձակումներին՝ այլ երկրների ինքնաթիռների հետ միասին: Հարվածներն անմիջապես դադարեցվել են, երբ ռուսները հայտնել են սիրիացի զինվորականների դիրքերին հարվածելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Զինված ուժերի մամուլի ծառայությունում նշել են, որ եթե հարվածի սխալը հաստատվի, դա ափսոսանք կառաջացնի: Դանիացի զինվորականները մտադիր են ամբողջապես աջակցել հետաքննությանը, որը նախաձեռնել է միջազգային կոալիցիան:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կոալիցիայի ուժերը գրոհել են սիրիական բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 62 զինծառայող, ավելի քան 100 հոգի վիրավորվել է: Դամասկոսը մեղադրել է Վաշինգտոնին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին աջակցելու համար: Պենտագոնը հայտարարել է, որ մտադրված չի գործել և կարծել է, թե հարված է հասցնում ԻՊ-ի դիրքերին: