Երեկվա ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն  հանգրվանային հաղթանակ  է տարել՝ 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ. Մ. Մելքումյան

11:26 • 19.09.16

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթել է գրեթե  բոլոր համայնքներում, բացառությամբ Աշտարակ քաղաքի և մեկ-երկու գյուղերի:  Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` նշելով, որ ԲՀԿ հիմնական մրցակիցը այս ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուներն էին:

«Մեր գրեթե բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ Աշտարակի) ջախջախիչ հաղթանակ են տարել  Արարատի մարզում, Մասիսում և Արտաշատում որտեղ առաջադրումներ ունեինք. մասնավորապես՝ Գետազատ, Նոր Խարբերդ, Ազատաշեն, Հովտաշատ,  Ազատավան, Հնաբերդ, Մասիս, Նորաշեն  և այլ համայնքներում»,- տեղեկացրեց ԲՀԿ-ականը:

Նա սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները անվանելով  հանգրվանային հաղթանակ  ԲՀԿ-ի համար՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրություններից և հատկապես՝ 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, հավելեց. «Սա խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ի կազմակերպչական ներուժը, մարդկային ռեսուրսները, ժողովրդի վերաբերմունքը շատ բարձր մակարդակի վրա են: Այսինքն` այն, որ մենք ասում էինք, որ 68 տարածքային կառույցներն իրենց տեղում են, որ մեր կուսակցականներն իրենց տեղում են, ապացուցվեց»:

Ինչ վերաբերում է Աշտարակ քաղաքում ԲՀԿ-ի պաշտպանած  թեկնածուի պարտությանը (նա բոլոր թեկնածուներից ամենաքիչ ձայներն էր հավաքել), ապա Միքայել Մելքումյանն ասաց, որ գոհ չեն Աշտարակի ընտրություններից, և դա պայմանավորում են նրանով, որ 2015-ի փետրվարյան իրադարձություններից հետո (երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից) ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցում վերակազմավորվման խնդիր կար: Հավելեց, որ դրա հետ կապված խնդիրները տեսնում էին:

Ի դեպ, Նոր Խարբերդում ՀՀԿ-ն ընդդեմ ԲՀկ-ական թեկնածուի առաջադրել էր Նաիրա Զոհրաբյանի հորաքրոջ որդուն`Արթուր Զոհրաբյանին, սակայն ԲՀԿ-ական Կամո Կակոյանը հաղթել է ԲՀԿ նախագահի եղբորը: