Տավուշի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուները պարտվել են Աճարկուտում, Կողբում, Նորաշենում և Գանձաքարում

11:58 • 19.09.16

Տավուշի մարզի 31 համայնքում երեկ տեղի ունեցած ընտրություններին հիմնականում հաղթել են Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածուները: Մի շարք համայնքներում ընդհանրապես մրցակցություն չի եղել, ինչպես օրինակ՝ Բերդ, Ներքին Կարմիր Աղբյուր, Չինարի, Չորաթան, Վերին Կարմիր Աղբյուր և այլն, որոնց գործող համայնքի ՀՀԿ-ական ղեկավարները վերընտրվել են առանց մրցակցի:

Ազատամուտ գյուղում 689 ձայնով վերընտրվել է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը իր մրցակցից չնչին ձայների առավելությամբ: Մրցակից մեկ այլ ՀՀԿ-ական Արտեմ Սարիբեկյանը 24 ձայնով էր զիջել նրան:

Աճարկուտում անկուսակցական Մանվել Ավետիքյանը 75 ձայն ստանալով հաղթել էր գործող ՀՀԿ-ականին, ով ստացել էր 28 ձայն:

Այրումում հաղթել էր գործող ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, նա 1531 ձայն ստանալով՝ առավելության էր հասնել հիմնական մրցակից անկուսակցական Դավիթ Փարսադանյանից:

Բերքաբերում ևս հաղթել է գործող ՀՀԿ-ական ղեկավարը՝ Արթուր Մադաթյանը:

Գանձաքարում հաղթել է ՀՅԴ-ից առաջադրված Վարդգես Դովլաթբեկյանը, առավելության հասնելով ՀՀԿ-ից առաջադրված համայնքի ղեկավար Շահեն Շահինյանին:

Գետահովիտում հաղթել է ՀՀԿ գործող ղեկավար Արթուր Ղազարյանը, առավելություն ունենալով մյուս 3 ՀՀԿ-ական և անկուսակցական մրցակիցներից:

Ենոքավանում 166 ձայնով հաղթել է համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ից առաջադրված Անդրանիկ Չիբուխչյանը, ՀՅԴ-ական թեկնածու Արթուր Այդինյանը զիջել էր նրան:

Իծաքարում «Հայկական վերածննդից» առաջադրված թեկնածու Արթուր Այդինյանը պարտվել է ՀՀԿ-ական գործող Արամ Դանիելյանը:

Ծաղկավան (Տավուշ) համայնքում հաղթել է ՀՀԿ-ական Արթուր Ղազարյանը, այստեղ գործող համայնքի ղեկավարն ինքնաբացարկ էր ներկայացրել:

Կիրանց համայնքում հաղթել է ՀՀԿ գործող գյուղապետ Կամե Շահինյանը:  

Կողբում ՀՀԿ-ական գործող գյուղապետին և մյուս մրցակից թեկնածուներին հաղթել է անկուսակցական Աղաբաբյան Արսենը:

Նավուր համայնքի ղեկավար է ընտրվել ԱԻՄ-ից առաջադրված Արամ Նիգոյանը, չնայած նրան, որ նա մրցակից չուներ:

Դիտավանում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՅԴ-ական Հակոբ Սարիբեկյանը, ով նույնպես մրցակից չուներ:

Նորաշենում գործող համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը զիջել է չնչին ձայների տարբերությամբ ինքնառաջադրված ՀՀԿ-ականին:

Չինչինում Հայկական վերածնունդ կուսակցությունից առաջադրված Կարեն Դարբինյանը ընտրվել է համայնքի ղեկավար, առանց մրցակից թեկնածու ունենալու:

Տավուշի Տավուշ համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հաղթել է ԲՀԿ-ական թեկնածու Արսեն Մարալյանին:

Վազաշենում առաջադրված ՀՀԿ-ականներից ընտրվել է գործող ղեկավար Լորիկ Բադիրյանը: