Ուկրաինան դեռևս հետաքրքրված է Արևմուտքից մահաբեր զենք ստանալու հարցում. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան հետաքրքրված է երկրի զինված ուժերին Արևմուտքից մահացու զենքի տեսքով օգնություն տրամադրելու հարցում, հայտնում է Интерфакс-Украина-ն:
«Հերթականությամբ երկրորդը (Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումից և խստացումից հետո), բայց նշանակությամբ ոչ պակաս կարևոր հարց է մահաբեր զենքի և այլ ռազմական տեխնոլոգիաների փոխանցումն ուկրաինական զինված ուժերին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նշել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ապացուցել են, որ իրենց վրա կարելի է հույս դնել:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինան նոր պրոֆեսիոնալ բանակ է կառուցել, որը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին:
«Մենք ցույց ենք տվել, որ Ուկրաինան երբեք չի վարել և չի վարի նվաճողական պատերազմ, ուկրաինական կողմից երբեք չի եղել վտանգ և բացարձակ անվտանգ է մեզ փոխանցել մահաբեր զենք: Մեր հողի համար մենք կպայքարենք մինչև արյան վերջին կաթիլը»,- ասել է Պորոշենկոն:










