Ղրղզստանի նախագահ Աթամբաևը գտնվում է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը տեղափոխվել է Էգեյան ծովի առափնյա շրջանում գտնվող թուրքական հիվանդանոցներից մեկը: Այդ մասին հայտնել է Sozcu թերթը:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Աթամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել առողջական վիճակի վատթարացման առնչությամբ:
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Աթամբաևը սրտի հետ կապված խնդիրների պատճառով չի մասնակցի Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանին: ՄԱԿ-ի վեհաժողովին Ղրղզստանի պատվիրակությունը կգլխավորի երկրի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևը:
Թերթի հաղորդմամբ՝ Աթամբաևի ինքնաթիռը նախօրեին երեկոյան վայրէջք է կատարել Ստամբուլում: Վայրէջքից անմիջապես հետո Աթամբաևը բողոքել է կրծքի շրջանում ցավերից և տեղափոխվել է հիվանդանոց: Այնտեղից նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է օդանավակայան և մասնավոր ինքնաթիռով մեկնել Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական քաղաքներից մեկը, որտեղ էլ հոսպիտալացվել է:










