Հանրապետական Ջորջ Բուշ ավագն անձնական զրույցում հայտարարել է, որ ընտրելու է դեմոկրատ Քլինթոնին
ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ջորջ Բուշ ավագը Մերիլենդ նահանգի նախկին փոխնահանգապետ Քեթլին Քենեդի Թաունսենդի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր ձայնը տալու է Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին, հայտնում է Politico ամսագիրը:
Երկուշաբթի օրը Թաունսենդը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Բուշ ավագի հետ իր հանդիպման լուսանկարը և գրել. «Նախագահն ասել է ինձ, որ նա քվեարկում է Քլինթոնի օգտին»:
Ամսագրի հետ զրույցում Մերիլենդի նախկին փոխնահանգապետը հայտնել է, որ հանդիպել է Ջորջ Բուշ ավագի հետ Մեն նահանգում: Հանդիպման ժամանակ նա իրեն հայտնել է կայանալիք ընտրություններում իր նախընտրությունների մասին: «Նա հենց դա էլ ասել է»,- ասել է Թաունսենդն ամսագրին:
ԱՄՆ նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրատն իր հերթին հայտարարել է, որ Բուշ ավագը «մեկնաբանություններ չի տալիս նախագահական ընտրարշավի առիթով»: «Նախագահ Բուշը կքվեարկի որպես մասնավոր անձ մոտ 50 օրից, դա կլինի ո՛չ ավել, ո՛չ պակաս մասնավոր անձի քվեարկություն»:










