Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ մտքեր է փոխանակել համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման ուղիները:
«2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության նախապատրաստման համատեքստում Սեբաստիան Կուրցը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Ավստրիայի առաջնահերթությունները և դրանց իրագործման նպատակով ծրագրվող քայլերը։
Ավստրիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին»,–ասվում է հաղորդագրությունում:










