Սորոսը խոստացել է 500 միլիոն դոլար տրամադրել փախստականներին և ներգաղթյալներին օգնելու համար
Soros Fund Management-ի սեփականատեր, «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Ջորջ Սորոսը խոստացել է 500 միլիոն դոլար ներդնել ողջ աշխարհում փախստականներին և ներգաղթյալներին օգնելու համար, հայտնում է Bloomberg-ը:
«Մենք կներդնենք ներգաղթյալների և փախստականների կողմից ստեղծված ստարտափերի, ընկերությունների, սոցիալական նախաձեռնությունների և բիզնեսների մեջ»,- հայտարարել է Սորոսը:
Այդ բիզնեսների շահույթը կուղղվի «Բաց հասարակության հիմնադրամների» ծրագրերը ֆինանսավորելուն, որոնք կներառեն ներգաղթյալներին և փախստականներին օգուտ բերող ծրագրեր:
Հայտարարության համաձայն՝ Սորոսը պատրաստվում է աշխատել այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը և Փրկության միջազգային կոմիտեն:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտարարել է, որ կազմակերպությունն աջակցում է Սորոսի խոստմանը՝ ներդրումներ կատարել, որոնք կօգնեն փախստականներին վստահել իրենց ուժերին: Փախստականներին անհրաժեշտ է ֆինանսական և իրավական ծառայությունների, կրթության և աշխատանքի հնարավորություններ, ասել է Գրանդին՝ համաձայն հայտարարության:










