ՄԱԿ-ը դադարեցնում է օգնության առաքումը Սիրիա՝ իր ավտոշարասյան վրա հարձակումից հետո

15:12 • 20.09.16

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է մարդասիրական օգնության մատակարարումները Սիրիա՝ օգնություն տրամադրող ավտոշարասյան վրա նախորդ գիշեր իրականացված օդային հարվածներից հետո, հայտնում է Associated Press գործակալությունը:

 

ՄԱԿ-ի համաձայն՝ օդային հարվածների են ենթարկվել ավտոշարասյան 31 բեռնատարներից 18-ը: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ:

 

Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Ջենս Լաերկեն հայտնել է, որ օգնության մատակարարումները ժամանակավորապես դադարեցված կմնան այնքան, մինչև Սիրիայում անվտանգության իրավիճակի վերանայումը:

 

Հարձակումը տեղի էր ունեցել ժամեր անց այն բանից հետո, երբ սիրիացի զինվորականները հայտարարել էին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարը ձախողվել է: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել հրադադարը, իսկ Ռուսաստանը հայտնել է, որ այն դեռ հնարավոր է փրկել: