Գյուլենը պատրաստվում է երկրորդ հեղաշրջմանը. Թուրքիայի արդարադատության նախարարություն

14:04 • 20.09.16

Թուրքիայի արդարադատության նախարարությունը 15 էջանոց թղթապանակ է ուղարկել ԱՄՆ, որտեղ ԱՄՆ կառավարությունից պահանջում է ձերբակալել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենին՝ հիմնավորելով այդ պահանջը նրանով, որ իրենք տեղեկությունն ունեն Գյուլենի կողմից նախապատրաստվող երկրորդ հեղաշրջման մասին, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: 



15 էջանոց դոսյեն ներառում է Անկարայի դատախազության կողմից ԱՄՆ քաղաքացի Գյուլենին ներկայացված մեղադրանքն ու հավաքված ապացույցները: Ըստ թուրքական կողմի՝ Գյուլենը եղել է հուլիսի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձի հրաման տվողը:


«Այս կասկածյալն իրականացրել է մեր երկրի դեմ մի շարք հանցանքներ` այդ թվում և հեղաշրջման հրաման տալը: Նրա կողմից կազմակերպված հեղաշրջման փորձի ընթացքում F16 կործանիչների միջոցով թիրախավորվել են նախագահական պալատը, Թուրքիայի հետախուզական կոմիտեի շենքը, ժանդարմերիայի շենքը և մի շարք այլ կարևոր շինություններ: Նա պետք է շտապ ձերբակալվի, քանի որ, ամենայն հավանականությամբ, արդեն նախապատրաստվում է երկրորդ հեղաշրջման փորձին», - նշվում է պաշտոնական նամակում:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: