Անկախությունը միանշանակ կատեգորիա է, և պետք է այն ընդունել այդպես և ոչ թե խաղաքարտ դարձնել․Վահան Արծրունի
Անկախությունը միանշանակ կատեգորիա է, և պետք է այն ընդունել այդպես և ոչ թե խաղաքարտ դարձնել․ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Tert.am-ի հետ զրույցում խոսելով անկախության արժեքի ու կարևորության մասին՝ ասաց երաժիշտ Վահան Արծրունին:
«Անկախությունը պայմանավորում է մեր լինելը, մեր պետականություն ունենալն այսօր: Անկախության մասին իմ այդ ընկալումը ես երբեք չեմ փոխի»,- ասաց նա:
Վահան Արծրունին նշեց, որ հիմա ականատեսն ենք, թե ինչպես են խաղարկվում այն իդեալները, որոնք ժամանակին նրանց դրդեցին փողոց դուրս գալ, այն իդեալները, որոնք առաջին օրվանից ձևավորեցին մեր պետականությունը:
«Մենք տեսնում ենք, որ այն իրականությունը, որ մենք կառուցել ենք 25 տարի առաջ, հիմա կառուցվեց այլ սկզբունքների ներքո, այսինքն՝ այլ հարաբերությունների, տեսակի ներքո, այլ պատկերացումների, վերջիվերջո այլ բարոյականության տեսակի ներքո: Սրա պատճառով էլ այս հակասությունը ստեղծում է այն հսկայական անջրպետը, որը անջատում է ազնիվ կենսագրություն ունեցող մարդկանց այս իրականությունից,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա իր համար ամենամեծ ողբերգությունն է,- որովհետև իդեալը մնաց օդում կախված, և իդեալին ծառայող մարդիկ, պարզվում է, որ այդքան էլ այսօր ոչ իրենց դերակատարությունը, ոչ էլ երկրում լինելը արժևորված և կարևորված չեն զգում»:
Վահան Արծրունին նկատեց, որ մենք շատ լավ գիտենք, որ մեր պատմության ընթացքում եղել են դարեր, երբ պետականություն չունենալու պատճառով՝ մենք անկախության զգացումը չենք էլ ունեցել: «Կարծում եմ, որ վերջին 25 տարիների ընթացքում մեր պատմությունը պետք է ամրապնդեր այդ զգացողությունը, որ մենք մի ազգային տեսակ ենք, որ ունենք որոշակի տեսլական այդ պետության համար կառուցելու երջանիկ ապագա»,-ասաց նա:










