Բիշքեկում 2 պայթուցիկ սարք է վնասազերծվել

11:46 • 21.09.16

Ղրղզստանում՝ Բիշքեկի արևմուտքում գտնվող բնակելի թաղամասում, վնասազերծվել է երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

 

Նշվում է, որ ոստիկանությունը երկու կասկածելի սև փաթեթի մասին հաղորդագրությունը ստացել է սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան:

 

«Դեպքի վայր է ժամանել Ազգային անվտանգության պետական կոմիտեի և Ներքին գործերի նախարարության օպերատիվ խումբը, երկու պոլիէթիլենային փաթեթների ստուգման ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր»,- ասել են մամուլի ծառայությունում:

 

Հաղորդվում է, որ սակրավորները վնասազերծել են ինքնաշեն պայթուցիկ սարքերը: Անվտանգության նկատառումներով՝ շրջակա տարածքի բնակիչները տարհանվել են, տարածքը շղթայվել է, զոհեր և ավերածություններ չեն գրանցվել: