Այսօրվա անկախությունը շատ սրբագրումների կարիք ունի․Գագիկ Գինոսյան

12:04 • 21.09.16

 

Անկախությունը հայ մարդու հազարամյակների երազանքն էր․ Tert.am-ի հետ զրույցում անկախության 25-րդ տարեդարձի առթիվ խոսելով անկախության արժեքի ու դրա կարևորության մասին՝ ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Անկախության արարումն աննկատ մնաց, որովհետև շատ ծանր ու ցավոտ տարիներ էին, և անկախությունը հենց այնպես չտրվեց: Բայց նաև օբյեկտիվ պատճառներ էլ կային: Անկախության հեղինակները, նրանց, որոնց պատմական բախտ էր վիճակվել պետականության ղեկին կանգնել, մեծ մասամբ չունեցան ազգային նկարագիր․․․ Իրականում այսօրվա անկախությունը շատ սրբագրումների կարիք ունի»,- ասաց նա:

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ անկախությունը մեծագույն, բացարձակ արժեք է․ «Բայց պետք է ասեմ, որ դա ինքնանպատակ չէ, և անկախությունն ընդամենը միջոց է ազգի բնականոն զարգացման, ազգի բնականոն կենսագործունեության համար: Բայց երբեմն լինում է հակառակը․ անկախությունը ոչնչացնում է ազգային նկարագիրը, երբ որ ապազգային, ապաշնորհ իշխանություններ են լինում»:

Խոսելով մեր կերտած 25-ամյա անկախության մասին՝ նա նշեց, որ առաջին իսկ օրվանից պետք է կարողանայինք թամանյանական ճարտարապետական հանճարով նախագծել մեր պետականությունը: «Պետականությունն ազգային տաճար է՝ սուրբ տեղ, որը պետք է արարվեր երկու կարևոր բաղադրիչներով՝ այն պետք է ներդաշնակ, համապատասխան լիներ հայ մարդու հոգևոր, գաղափարական, մարդկային տեսակին, ամբողջականությանը»,- ասաց Գագիկ Գինոսյանը, ավելացնելով, որ  երկրորդ բաղադրիչը հազարամյակների մարտահրավերներին դիմակայող պետականություն ունենալն է:

«Ցավոք, մենք ոչ թե  նախագծված տաճար ենք կառուցում, այլ օրվա հետ ինչ մանր ու մեծ քար կամ ինչ-որ շաղախ գտնում ենք, լցնում ենք այդ տաճարի մեջ՝ առանց հասկանալու, որ տձև և ազգային խորան ունեցող տաճարում հայ մարդու և հայի նկարագիր չի կարող կերտվել: Այս տեսանկյունից ցավալիորեն պետք է ասեմ, որ շատ սրբագրումների, գուցե հիմնովին փոփոխությունների կարիք ունի մեր անկախությունը»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

Նա նախանշեց հայ ազգի պետականության պահպանման միակ գրավականը․«Այն հայ մարդու ազնվականության վերածնունդն է, նոր սերնդի մեջ արժանապատիվ հայ տեսակը դաստիարակելու, կերտելու այն հրամայականը, որը օրվա շեշտն է: Եթե մենք այսօրվան համապատասխան չկարողանանք վաղվա քաղաքացի լինել, հերիք չէ՝ պետականություն չենք կերտի, այլ նաև բնականաբար, չենք էլ կարող պատկերացնել, թե պետականությանը համար ինչ քաղաքացի պետք է լինենք: Պետք է ավագ սերունդը ջանք թափի այդ ուղղությամբ․ ինքնահրկիզվելով պետք է փարոս դառնա, որ կրտսեր սերնդին ասպետականության ափ տանող ճանապարհը ցույց տա, որ նոր սերունդը չխարխափի, կարողանա գնա դեպի իրական ասպետականություն»,- ասաց նա: