Ազատության հրապարակից մեկնարկեց մի խումբ քաղաքացիների երթը՝ նվիրված ՀՀ «լիարժեք անկախությանը» (տեսանյութ)
13.35
Ազատության հրապարակից մեկնարկած երթը շարունակվում է։ Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայից շարժվեցին Ամիրյան փողոց, այնուհետև Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա ու դեպի Ռուսաստանի դեսպանատուն։
Ողջ երթի ընթացքում ոստիկանական ուժերը չմիջամտեցին ակցիային, սակայն Երևանի քաղաքապետարանի մոտ երթի մասնակիցներին դիմավորեցին ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ։
Ռուսաստանի դեսպաատան մոտ ելույթով հանդես եկավ Դավիթ Սանասարյանը և ասաց, որ կառույցը պիտի մնա իր սահմաններում և չպետք է խառնվի Հայաստանի անկախության գործին։ Ռուսաստանի դեսպանատան մոտ երթի մասնակիղնորը վանկարկում են՝ «Մենք Սասնա ծուռ ենք», «Ինքնիշխան Հայաստան»։
Երթը հսկում են ոստիկանության աշխատակիցները։



13.02
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց մի խումբ քաղաքացիների երթը նվիրված Հայաստանի Հանրապետության «լիարժեք անկախությանը»։
Երթի մասնակից քաղաքացիները դեմ են Հայաստանի Հանրապետության անկախության և այլ տոներին նվիրված միջոցառումներին այլ երկրների դրոշներ պարզելուն, այդ թվում՝ նաև Ռուսաստանի, որովհետև հենց 25տարի առաջ Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։
Երթի մեկնարկին, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ այսօր Հայաստանի անկախության օրն է, ինչի առթիվ պետք է շնորհավորել, սակայն դրանք պարզապես խոսքեր չեն, դա պատասխանատվություն է, որ 25 տարի առաջ ծնված մեր հանրապետության անկախության ներկա վիճակը պետք է փոխել։
«Սա անկախություն չէ,սա կիսաանկախություն է, իսկ դա նշանկում է, որ մենք պետք է քրտնաջան աշխատենք, որ ունենանք լիարժեք անկախություն, պետք է հասնենք նրան, որ ռուսական կամ այլ սապոգներ Հայաստանում չլինեն, ինչպես այսօր։ Մենք չպետք է նվնվանք, թե անկախություն չունենք։ Մենք ենք մեղավոր, որ չունենք,մեր սերունդը մեջքն ուղղեց ու ասաց, որ մեզ պետք է անկախությունը։ Մենք ևս պետք է վերականգնենք մեր անկախությունը»,-ասաց Դավիթ Սանասարյանը և հավելեց, որ երթուղին մեկնարկում են Մաշտոցի պողոտայով, իսկ մնացածը կհայտնեն ընթացքում։
Ելույթով հանդես եկավ նաև Թամարա Հովհաննիսյանը,ով մեջբերեց Հովհաննես Թումանյանի այն խոսքերը. «Մեր փրկությունը ներսից է լինելու,որովհետև մենք ներսից ենք փչացած»։
Երթն ուղեկցվում է «Ազատ,անկախ Հայաստան», «Մե՛նք ենք տերը մեր երկրի», «Ինքնիշխան Հայաստան» վանկարկումներով։ Մասնակիցներն Ամիրյան փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Ռուսաստանի դեսպանատուն և Եռաբլուր։















