«Կալաշնիկով» կոնցեռնը մարտական ռոբոտ է ստեղծում
«Կալաշնիկով» կոնցեռնը ներկայացրել է ստեղծվող մարտական ռոբոտի մարտավարական-տեխնիկական բնութագրերը, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ավելի վաղ «Կալաշնիկով» ընկերություն է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեղ նրան ծանոթացրել են կոնցեռնի մի շարք նորույթներին:
«Պետության ղեկավարը զննել է կոնցեռնի կողմից մշակվող մարտական ռոբոտներին, որոնք այս տարի առաջին անգամ ներկայացվել են «Արմիա-2016» («Армия-2016») համաժողովի ընթացքում: Դրանցից մեկը՝ «Սորատնիկ» («Соратник») ավտոմատացված համակարգը, ստեղծվել է Պաշտպանության նախարարության պատվերով»,- ասված է հաղորդագրությունում:
Կոնցեռնում հայտնել են, որ մարտական ռոբոտն իրենից ներկայացնում է թրթուռավոր զրահապատ մեքենա: Այն նախատեսված է որպես կրակային աջակցության կամ հետախուզության մեքենա օգտագործվելու համար: Այն նաև կարող է տեղափոխել զինամթերք, տարհանել վիրավորներին: Ռոբոտը կարող է հայտնաբերել թիրախները մինչև 2,5 հազար մետր հեռավորության վրա:










