Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է Բելառուսի նկատմամբ ճնշում գործադրելու համար

11:14 • 21.09.16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է գազի գների պատճառով Բելառուսի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Նրա խոսքով՝ Մոսկվան ու Մինսկն արդեն մի քանի ամիս չեն կարողանում լուծել այդ հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Բելառուսի նախագահը նշել է, որ Բելառուսի և Ռուսաստանի դաշնային հարաբերություններում «չափազանց շատ խնդիրներ» են նշմարվում, նա նաև դժգոհ է երկու երկրների հարաբերությունների զարգացման ընդհանուր ֆոնից:

 

«Մենք արդեն մի քանի ամիս է, ինչ չենք կարողանում պայմանավորվել գազի գնի շուրջ: Այդ առնչությամբ Ռուսաստանը նվազեցրել է նավթի մատակարարումները Բելառուս: Մենք դա ընկալում ենք որպես Բելառուսի նկատմամբ ճնշում, բայց ես և բելառուսները նույնպես չենք հանդուրժի ճնշման գործադրում»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսի և Ռուսաստանի դաշնային պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ հանդիպման ժամանակ:

 

Նա նաև դժգոհել է, որ Ռուսաստան արտահանվող բելառուսական ապրանքները թույլ չեն տալիս մտցնել Ռուսաստանի շուկա, և նշել է, որ անցած տարվա համեմատ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով:

 

Լուկաշենկոյի խոսքով՝ նաև «չափազանց շատ քննադատություն կա ոչ միայն երկու պետությունների, այլև Եվրասիական տնտեսական միության մակարդակով ինտեգրման հասցեին»:

 

«Մենք այժմ շատ ուշադիր ուսումնասիրում ենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին: Եթե այդպես շարունակվի… ինչո՞ւ գումար վճարենք Մոսկվայում բարձրակարգ մասնագետներ պահելու համար: Մենք ավելի լավ է նրանց համար այստեղ աշխատանք գտնենք: Իսկ այն որոշումների հետ, որոնք այնտեղ կկայացվեն, մենք կհամաձայնենք, որովհետև գրեթե որոշումներ չեն կայացվում: Մենք խախտում ենք (ԵԱՏՄ-ում) մեր բոլոր պայմանավորվածությունները»,- հավելել է Լուկաշենկոն: