Թուրքիայի հայազգի նախկին պատգամավորը վախենում է գալ Հայաստան՝ իր հայկական անձնագիրն ստանալու
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի նախկին պատգամավոր Նվարդ Բաքըրջըօղլուն վախենում է գալ Հայաստան՝ իր հայկական անձնագիրը ստանալու․ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է մյուս շաբաթ գար Հայաստան՝ երկրորդ՝ ՀՀ քաղաքացիությունը ստանալու, սակայն վախենում է, որովհետև թուրքական իշխանությունները նման բան չեն հանդուրժում:
«Հայերի համար Թուրքիայում շատ դժվար է,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր վախն էլ է մեծ թուրքական իշխանություններից,- ես երկու տարի միակ հայ կինն եմ եղել, որ աշխատել եմ կուսակցությունում: Անկարայում հսկողության տակ եմ աշխատել, բայց այդ ամենից զատ, պետք է նշել, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շատերի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին՝ ալևիների, հույների, քրդերի, ուսուցիչների, բոլոր-բոլորի նկատմամբ»:
Նա նշեց, որ իր կուսակցությունում 400 անդամ արդեն ձերբակալվել է: «Հնարավոր է, որ ամսվա վերջ Գարո Փայլանն ու Դեմիրթաշը ևս ձերբակալվեն: Հիմա շատ վատ օրենքի ընդունման ենք սպասում»,- ասաց Նվարդ Բաքըրջըօղլուն՝ նկատի ունենալով Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը:
Ըստ նրա՝ հիմա Թուրքիայի խորհրդարանում հիմնականում հայազգի պատգամավոր Գարո Փայլանին է վտանգ սպառնում: Նշեց, որ չնայած Սելինա Դողանն ու Մարգար Եսայանը ազգությամբ հայ են, սակայն հայերի շահերը չեն պաշտպանում, հետևաբար նրանք խնդիրներ չունեն:
Հարցին՝ արդյոք թուրքական իշխանությունների կողմից նա նշանառության տա՞կ է, հարցաքննվե՞լ է, Նվարդ Բաքըրջըօղլուն պատասխանեց, որ ոստիկանությունը նրան դեռ չի հարցաքննել:
Նորից վերադառնալով իր՝ Հայաստանի քաղաքացիությունը ստանալու թեմային՝ նշեց․ «Թուրքիայում Հայաստանի քաղաքացի լինելը շատ լուրջ խնդիր է: Բայց ես էլ Հայաստանը շատ եմ սիրում, հայերին շատ եմ սիրում, շատ հայասերն եմ, հայկական պետությունը շատ եմ սիրում և ցանկանում եմ Հայաստանի քաղաքացիություն ունենալ»:










